Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մի կարճ ժամակահատված դադարեցվել էր նաև Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի շենքի շինարարությունը։ «Շինարարական աշխատանքները ներկայումս ակտիվորեն ընթանում են, արդեն շենքը երեսպատվել է, մոտենում են ավարտին նաև ներքին հարդարման աշխտանքները,- մեզ հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ։- Այս տարվա աշնանը թատրոնի շենքը պատրաստ կլինի, սակայն հարցն ուրիշ կողմ ունի։ Բեմական սարքավորումները, լուսային, ձայնային հագեցվածությունը շենքը կառուցող ընկերությունը չի ապահովելու, այլ՝ մենք ի սկզբանե այդպես ենք պայմանավորվել, որովհետև դա խիստ մասնագիտական մոտեցում է պահանջում։ Եվ իհարկե, աշխարհում տիրող այս վիճակը մեզ խանգարեց՝ այն առումով, որ մտադիր էինք իրականացնել դրամահավաք, դիմել հովանավորների. ուզում էինք, որ բեմի տեխնիկական վերազինումը համահունչ լինի 21-ր դարին, բայց առայժմ կօգտագործենք մեր ունեցած տեխնիկական միջոցները, մինչև որ կամաց-կամաց նորացնենք»։
Մինչ արտակարգ դրությունը Համազգայինը առաջնախաղի էր պատրաստվում։ Բեմական փորձերն ընթացքի մեջ էին, պատրաստում էին դեկորացիան։ Տնօրենը վստահեցնում է, որ հենց թույլատրվեն ներկայացումները, 10-15 օրից հանդես կգան առաջնախաղով։ Այս ընթացքում էլ անգործ չի մնացել թատրոնի ստեղծագործական խումբը, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել են «Առականի» նախագիծը, շուտով երկրորդ նախագիծը կլինի եթերում։ Դարձյալ մեկուսացման թելադրած ձևաչափով պայմանավորված և հենց մեկուսացման օրերին դերասանները տանը փակված նկարահանել են ֆիլմաշար՝ Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ստեղծագործության հիման վրա։ Մասսայական տեսարաններ չկան, ամեն դերասան նկարել է ինքն իրեն։
«Համավարակով պայմանավորված նախագծերը կպահպանվե՞ն արտակարգ դրության ավարտից հետո» հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ ցանկացած դժվարին իրավիճակում մի լավ բան գտնում ես. «Առականին» ծնվել է պարապուրդի օրերին, լավ ծրագիր է, և՛ իրենք են սիրել, և՛ հանդիսատեսը, հավանաբար շարունակություն կունենա։
Հետաքրքրվեցինք նաև՝ նոր շենքը համահու՞նչ է միջավայրին, քաղաքին, Համազգային թատրոնի ոգուն։
«Ցանկացած նոր տուն անսովոր է բնակչի համար, բայց ես կարծում եմ, որ շենքը մթնոլորտ, ջերմություն կունենա։ Հիմա էլ ունի այդ ջերմությունը։ Երբ գնում ենք նոր շենք, այդ ջերմությունը զգում ենք ու մերն ենք համարում։ Ամենակարևորն այն է, որ հանդիսատեսը լավ զգա իրեն նոր թատրոնում։ Մենք շատ բեմերում ենք խաղացել, հեշտ կհարմարվենք նոր միջավայրին։ Իսկ որ լավ թատրոն ենք ունենալու՝ և՛ արտաքին տեսքի, և՛ բովանդակության առումով, չեմ կասկածում»,- ասաց Արման Նավասարդյանը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ Էդ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ